Պֆալցյան ծրագիր
Հայաստանի ազատագրության Պֆալցյան ծրագիր, ստեղծվել է 1699 թվականին Իսրայել Օրու կողմից։ Վերադառնալով Հայաստանից՝ Իսրայել Օրին նախագծում է Պֆալցյան ծրագիրը, ըստ որի Արևելյան Հայաստանը պետք է ազատագրվեր եվրոպական մի քանի երկրների և բուն հայկական զորքի կողմից։ Ծրագրվում էր ապստամբությանը մասնակից դարձնել ոչ միայն Արևելյան Հայաստանի, այլ նաև Արևմտյան Հայաստանի ուժեր։ Ըստ այդ ծրագրի ազատագրված Հայաստանի թագավոր էր հռչակվելու Հովհան Վիլհելմը։
Հովհան Վիլհելմը հավանություն է տալիս Իսրայել Օրու ծրագրին և նրան ուղարկում Ֆլորենցիա և Վիեննա, որպեսզի հայ բանագնացը բանակցի նաև այս երկրներից օգնական ուժ ստանալու վերաբերյալ։ Ֆլորենցիայի դուքսը համաձայնվում է օգնել, իսկ Վիեննան՝ ոչ, քանի որ 1699 թվականին արդեն պայմանագիր էր կնքել Օսմանյան կայսրության հետ և չէր ցանկանում փչացնել հարաբերությունները նոր դաշնակցի հետ։
Ի վերջո Իսրայել Օրին հասկանում է, որ Պֆալցյան ծրագիրը այլևս օրակարգային չէ և 1701 թվականին մեկնում է Ռուսաստան՝ ստեղծելով Մոսկովյան ծրագիրը[1]։
Նախապատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Էջմիածնի ժողով
[խմբագրել | խմբագրել կոդը]1677 թվականին Հակոբ Ջուղայեցու կողմից հրավիրվում է Էջմիածնի գաղտնի ժողովը, որի արդյունքում որոշվում է կազմել պատվիրակություն և մեկնել Եվրոպա, որպեսզի եվրոպական երկրների հետ բանակցեն Արևելյան Հայաստանի ազատագրության հետ կապված հարցրի շուրջ։ 1678 թվականին կազմավորված պատվիրակությոնը մեկնում է Կոստանդնուպոլիս, որպեսզի այնտեղից անցնի Եվրոպա։ Այստեղ 1679 թվականին բանակցություններ են սկսվում Հակոբ Ջուղայեցու և Ռեչ Պոսպոլիտայի թագավոր Յան Սոբեսկու միջև։ Սակայն 1680 թվականին մահանում է հայոց կաթողիկոս Հակոբ Ջուղայեցին և հայկական պատվիրակությունը վերադառնում է Հայաստան[2]։
Օրու շրջագայություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Իսրայել Օրին Կոստանդնուպոլիս մեկնած պատվիրակության անդամներից էր, որը, սակայն, չվերադարձավ Հայաստան, այլ Օսմանյան կայսրության մայրաքաղաք Կոստանդնուպոլսից անցնում է Վենետիկ, 1683 թվականին՝ Փարիզ, իսկ 1690-ական թվականներին՝ Դյուսելդորֆ։ Այստեղ Իսրայել Օրին հաստատվում է Պֆալց եկրամասում, այս երկրամասի անունից էլ հետագայում Հայաստանի ազատագրման նախագիծը ստացավ «Պֆալցյան» անվանումը։ Իսրայել Օրին Դյուսելդորֆում հանդիպում և բանակցում է կայսերընտիր իշխան Հովհան Վիլհելմի հետ, ներկայացնում նրան Հայատանի իրավիճակը։ Պֆալցի իշխանը նրան առաջարկում է վերադառնալ Հայաստան, որպեսզի ծանոթանա այնտեղ տիրող իրավիճակին, քանի որ Իսրայել Օրին այնտեղից վաղուց էր հեռացել, և դրությունը կարող էր շրջադարձային փոխված լինել[2]։
Անգեղակոթի ժողով
[խմբագրել | խմբագրել կոդը]“ | Մեր ներկայացուցիչ Մինաս վարդապետին Իսրայել Օրու հետ ձեզ մոտ ենք ուղարկում, որոնք լիովին տեղյակ են մեր վիճակին։ Նրանց հետ ընդունած ձեր բոլոր որոշումները մեզ համար ընդունելի են... Եվ թող զորություն լինի ձեզ, որ հաղթենք մեր թշնամիներին, ինչպես հաղթեցինք շատերին, որպեսզի մեզ համար լույս ծագի ձեր տերությունից։ Կխնդրենք և կաղաչենք, որ աստծո ողորմությամբ ազատագրեք մեր խեղճ ազգին, որը ենթակա է տարբեր պատահարների... Խնդրում ենք ձեր բարի կամքով ընդառաջեք մեզ և լինեք պարծանք մեր ազգի համար, քանի որ որևէ տեղից ոչ մի հույս չունենք... Մեր որոշումն է, որ մեր իշխաններով ու պարոններով հնազանդվենք ձեր մեծ թագավորությանը | ” |
- Հայ մելիքների գրած նամակը Պետրոս I-ին |
Ի վերջո Իսրայել Օրին 1699 թվականին մեկնում է Հայաստան և հայ իշխանների մասնակցությամբ ապրիլի 9-ին[3] Անգեղակոթում գաղտնի ժողով գումարում։ Ժողովում հայ մելիքները հավանություն են տալիս Իսրայել Օրու ծրագրին, ըստ որի պետք գաղտնի զորք հավաքագրվել, որն անցնելու էր Ռուսաստանի տարածքով և ազատագրեր Հայաստանի երկու հատվածները՝ Արևմտյան և Արևելյան։ Այս ամենից հետո Հայաստանը պետք է հռչակեր իր անկախությունը, իսկ հայոց թագավոր պետք է հռչակվեր Հովհան Վիլհելմը։ Հայ մելիքները իրենց ստորագրությամբ և կնիքներով հաստատել են իրենց համաձայնությունը Իսրայել Օրու ծրագրին և նամակներ գրել Հռոմի պապին, Ռուսաստանի ցարին և Հովնան Վիլհեմին։
Իսրայել Օրուն վերադարձի ճանապարհին ուղեցկում էր Մինաս վարդապետ Տիգրանյանը[2][4]։
Հետագա իրադարձություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]1699 թվականի սեպտեմբերին Իսրայել Օրին և նրան ուղեկցող Մինաս վարդապետ Տիգրանյանը մեկնեցին Դյուսելդորֆ։ Սակայն հայ բանագնացի ընդունելությունը անմիջապես տեղի չունեցավ, քանի որ իշխան Վիլհելմը հիվանդացել էր։ Այս անգործության ժամանակամիջոցը Իսրայել Օրին օգտագործեց իր ծրագիրը ավելի կատարելագործելու և վերջնական տեսքի բերելու համար, ինչը նա մեծ հմտությամբ գլուխ բերեց, քանի որ ծանոթ էր ժամանակի աշխարքաղաքական դրությանը։ Պֆալցյան նախագիծը առաջինն էր հայոց պատմության մեջ, որը Հայաստանի ազատագրությունը դրեց գործնական հողի վրա[5]։
Ծրագրի բովանդակություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Պֆալցյան ծրագրը իր մեջ ներառում էր 36 կետ։ Ծրագրի իրականացմանը մասնակցելու էին մի շարք եվրոպական երկրներ, որոնցից հիմնականներն էին Ավստրիան, Տոսկանան և Պֆալցը, որոնք կազմելու էին Եռյակ դաշինք, իսկ այս երկրներին աջակցելու էր Հռոմի պապը։ Արշավանքը իրականացվելու էր Լեհաստանի և Ռուսաստանի համաձայնությամբ, քանի որ հավաքված զորքը անցնելու էր հենց նրանց տարածքներով։ Ենթադրվում էր՝ նրանք կհամաձայնվեին նախագծին, քանի որ վարում էին շեշտված հակաթուրքական քաղաքականություն[5]։
Ծրագիրը իր մեջ պարունակում էր շատ հստակ թվեր։ Ըստ դրանց ծրագրվում էր ստեղծել դաշնակիցների միացյալ 25 հազարանոց զորաբանակ, որը 1700 թվականի մայիսին սկսելու էր արշաանքը, անցներ Բոհեմիան, Լեհաստանը և Ռուսաստանը, ապա անցնելով Վոլգան՝ հանգրվանելու էր Աստրախանում։ Այստեղ դաշնակից զորքերին միանալու էր հայկական 2 հազարանոց մի զորաջոկատ, որը նրանց ուղեկցելու էր դեպի Հայաստան։ Ռուսաստանը Եռյակ դաշինքին տրամադրելու էր ռազմանավեր, որոնցով զորքերը տեղափոխվելու էին պարսկական սահման և այնտեղ սկվեր հիմնական ռազմական գործողությունները։ Սակայն Հայաստանը ոչ թե ազատագրվելու էր միայն օտարազգիների կողմից, այլ հենց ապստամբության սկզբից նախատեսվում էր համահայկական հսկայածավալ ռազմական շարժում սկսել և հավաքագրել ավելի քան 100 հազարանոց հայկական զորաբանակ, իսկ քիչ հետո արևելահայերին օգնության էր շտապելու արևմտահայերից հավաքագրված 80 հազարանոց բանակ։ Այսինքն օտարազգի զորքրեի առկայությունը միայն ազդակ պետք է հանդիսանար հայերի համար, որպեսզի նրանք ոգևորվեն և սկսեն ազատագրական պայքար[5]։
Նախատեսվում էր Արևելյան Հայաստանը ազատագրել ընդամնեը 20-25 օրում[6], քանի որ պարսկական զորքը չուներ անհրաժեշտ սպառազինություն և ուժ։ Նախատեսվում էր պատերազմի մեջ ներգրավել նաև Ռուսաստանին, որը, սակայն, ոչ թե պետք է օգներ ազատագրել Հայաստանը, այլ Վրաստանը։ Ռուսները պետք է 30 հազարանոց բանակով Հյուսիսային Կովկասից ներխուժեին Վրաստան և օգնեին վրացիներին ազատագրվել։ Մարտական դրոշների վրա պատկերված էին լինելու Քրիստոսի խաչելության և Գրիգոր Լուսավորչի պատկերնեը։ Անմիջապես վերականգնվելու էր Հայաստանի անկախությունը, որի թագավոր էր հռչակվելու Հովհան Վիլհելմը։ Հայաստանի սահմանների մեջ էին մտնելու Լոռին, Գանձակը, Գեղարքունիքը, Արցախը, Սյունիքը, Նախիջևանը, Արարատյան դաշտը, Շիրակը, իսկ մայրաքաղաք հռչակվելու էր Երևանը։ Օսմանյան կայսրության հնարավոր ներխուժման դեպքում ռազմական գործողություններ էին սկսվելու նաև նրա դեմ[5][7]։
Բանակցություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծրագիրը Հովհան Վիլհելմին ներկայացվեց 1699 թվականի հոկտեմբերին։ Ծանոթանալով ծրագրին՝ նա հավանություն տվեց և Իսրայել Օրուն ուղարկեց մնացած երկրների հետ բանակցելու, որոնց թվում էին Տոսկանան, Ավստրիան, Ռուսաստանը։ 1700 թվականին Իսրայել Օրին մեկնեց Ֆլորենցիա, որի դուքսը՝ Կոդմաս III Մեդիչին, ընդունում է հայ բանագնացին և խոստանում օգնություն ցուցաբերել։ 1700 թվականի հունիսին Օրին հանդիպում է Հռոմի պապի հետ, որը խոստանում է հնարավոր բոլոր միջոցներով օժանդակել սպասվող արշավանքին[5]։
1700 թվականի վերջին Իսրայել Օրին մեկնում է Վիեննա, որտեղ նրան դիմավորում է Լեապոլդ I կայսրը։ Քանի որ ծրագիրը կազմելուց արդեն 1 տարի էր անցել, այն որոշ չափով հնացել էր և չէր կարողանում համապատասխանել ներկայիս ռազմաքաղաքական դրությունը։ 1699 թվականին Վիեննայի և Օսմանյան կայսրության միջև կնքվել էր բարեկամության պայմանագիր, ինչը խոչընդոտ հանդիսացավ ծրքագրի իրագործման համար։ Բացի այդ, Ավստրիան խնդիրների էր բախվել նաև Իսպանիայում, որտեղ Բուրբոնները սկսել էին ծավալապաշտական քաղաքականություն վարել, ինչն էլ հանդիսացել էր Ավստրիայի և Ֆրանսիայի հարաբերությունների սրման պատճառ։ Սակայն Լեապոլդ I-ը որոշ չափով նաև օգնեց Իսրայել Օրուն՝ հուշելով նրան, որ Հայաստանի ազատագրման հարցում Հայաստանին կարող է օգնել գերազանապես միայն Ռուսաստանը։ Կայսրը խոստացավ անձամբ բարեխոսել ռուսական ցարի առջև, որպեսզի Օրին ներկայանա նրան[5]։
Ավստրիայի հրաժարումով խափանվեց Պֆալցյան ծրագիրը և չկազմվեց Եռյակ դաշինք։ Օրին ինքը հասկացավ, որ ծրագիրը այլևս չի համապատասխանում ժամանակակից քաղաքական իրադրությանը և հրաժարվեց դրանից։ Ապա 1701 թվականի ամռանը անցավ Ռուսաստան և սկսեց բանակցել ռուսական ցարի հետ։ Նա հետագայում կազմեց նաև Հայաստանի ազատագրության Մոսկովյան ծրագիրը[5]։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Հայոց պատմություն։ Հնագույն ժամանակներից մինչև մեր օրերը:/Երևան 2012 թ.., էջ 209-213
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Հայաստանի ազատագրության Պֆալցյան ծրագիրը». findarmenia.org. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 10-ին.
- ↑ 2,0 2,1 2,2 «Իսրայել Օրի». www.encyclopedia.am. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ նոյեմբերի 15-ին. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 10-ին.
- ↑ Պետրոս Հովհաննիսյան «ՀԱՅ ԱԶԱՏԱԳՐԱԿԱՆ ՇԱՐԺՈՒՄՆԵՐԸ (15-րդ դարի կես-18-րդ դարի վերջ)». Երևան: «ԵՊՀ» հրատարակչություն. 2010. էջ 27.
- ↑ Պետրոս Հովհաննիսյան «ՀԱՅ ԱԶԱՏԱԳՐԱԿԱՆ ՇԱՐԺՈՒՄՆԵՐԸ (15-րդ դարի կես-18-րդ դարի վերջ)». Երևան: «ԵՊՀ» հրատարակչություն. 2010. էջ 29.
- ↑ 5,0 5,1 5,2 5,3 5,4 5,5 5,6 «Հայաստանի ազատագրության Պֆալցյան ծրագիրը». www.armin.am. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հոկտեմբերի 10-ին. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 10-ին.
- ↑ Պետրոս Հովհաննիսյան «ՀԱՅ ԱԶԱՏԱԳՐԱԿԱՆ ՇԱՐԺՈՒՄՆԵՐԸ (15-րդ դարի կես-18-րդ դարի վերջ)». Երևան: «ԵՊՀ» հրատարակչություն. 2010. էջ 30.
- ↑ Պետրոս Հովհաննիսյան «ՀԱՅ ԱԶԱՏԱԳՐԱԿԱՆ ՇԱՐԺՈՒՄՆԵՐԸ (15-րդ դարի կես-18-րդ դարի վերջ)». Երևան: «ԵՊՀ» հրատարակչություն. 2010. էջ 31.